Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Ցեղասպանությունը հանցագործություն է, ցեղասպանությունն ուրացող երկիրը` հանցագործ»

«Ցեղասպանությունը հանցագործություն է,  ցեղասպանությունն ուրացող երկիրը` հանցագործ»
13.12.2013 | 12:14

Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ լույս է տեսել բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բանագետ, ժողովրդագետ ՎԵՐԺԻՆԵ ՍՎԱԶԼՅԱՆԻ «Հայոց Ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ» գրքի թուրքերեն տարբերակը: Օրերս տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը՝ «Բելգե» հրատարակչության տնօրեն, Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպան ՌԱԳԸՊ ԶԱՐԱՔՈԼՈՒԻ մասնակցությամբ:
«Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ» գիրքն ավելի վաղ լույս էր տեսել հայերեն և անգլերեն: Իր աշխատանքը Վերժինե Սվազլյանը սկսել է 1955-ին, անձնական նախաձեռնությամբ գրառել, ձայնագրել, տեսագրել և հրատարակել է պատմական Հայաստանի ավելի քան 150 տեղավայրերից բռնի տարագրված, Հայաստանում և սփյուռքում բնակություն հաստատած ականատես վերապրողների վկայությունները, պատմական բնույթի երգերը:
«Բելգեն» հրատարակել է նաև Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեղասպանությունը և հավաքական հիշողությունը» և «Հայոց ցեղասպանությունը արևմտահայոց հուշապատումներում և թուրքալեզու երգերում. «Աքսորի երգեր. Հայոց ցեղասպանությունը արևմտահայոց հուշապատումներում» գրքերը:
«Զարաքոլուի գործունեությունը նույնն է, ինչ խոնարհումը Ցեղասպանության հուշարձանի առաջ»: Այս դիտարկմանը անդրադառնալով՝ թուրք հրատարակիչն ասաց, որ 1999-ին ծնկել է Ցեղասպանության հուշարձանի առաջ և հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին: Նրա խոսքով` Հայոց ցեղասպանությունը հանցագործություն է, Ցեղասպանությունն ուրացող երկիրը` հանցագործ, և իրենք, իբրև հայրենասեր մտավորականներ, ամեն ինչ անելու են, որ Թուրքիայի ճակատին քսված այդ սև մուրը հնարավոր լինի ջնջել:
Զարաքոլուն ասաց, որ կարևոր հայտարարություն պետք է անի: «Բանկ Օտոմանում» հայերի ներդրած գումարը երիտթուրքերը տեղափոխեցին Բեռլին` «Դոյչե Բանկ», և երբ գերմանացիները Առաջին աշխարհամարտում պարտվեցին, Գերմանիան, որպես փոխհատուցում, ԱՄՆ-ին վճարեց հայերի ներդրած գումարները, ասաց նա, ընդգծելով, որ ԱՄՆ-ն պարտավոր է այդ գումարը վերադարձնել հայերին:
«Թուրք ընթերցողների շրջանում մեծ հետաքրքրություն են վայելում ցեղասպանության թեմայով, առհասարակ, հայաստանյան իրականության վերաբերյալ գրքերը. այդ համատեքստում ի՞նչ արձագանք է գտել Վերժինե Սվազլյանի գիրքը»` «Իրատես de facto»-ի այս հարցին ի պատասխան բանախոսն ասաց. «Տիկին Սվազլյանի գիրքը ոչ միայն հայոց պատմությունն է, այլև թուրք և այլ ժողովուրդների: Այժմյան Թուրքիայի Հանրապետության տարածքի տարբեր բնակավայրերի ամբողջ իրողությունը վեր հանող վկայություններ են դրանք, ուստի այժմ հենց այդ տարածաշրջանում ապրող, այդ տեղի բնակիչ հանդիսացող մարդկանց, ուզի թե չուզի, պետք է հետաքրքրի այդ պատմությունը: Պարզապես Թուրքիան կփորձի արգելել, որ գիրքը հասնի այդ շրջաններին: Այժմ Թուրքիան իրար խառնող ամենահատկանշական իրողությունն այն է, որ կարևոր չէ, թե ինչ էթնիկական անվամբ է մարդը հանդես գալիս` քուրդ, լազ, չերքեզ, նրանցից շատերն իրենց ընտանեկան տոհմածառում բացահայտում են, որ կա՛մ պապը, կա՛մ տատը ծագումով հայ են: Սա հասարակական խնդիր է դարձել: Շատ մարդիկ իբրև սրբազան գաղտնիք են պահել իրենց հայկական ծագումը: Այսօր Միացյալ Նահանգներում ապրող մարդիկ ասում են՝ պապս իռլանդացի է, մեքսիկացի, հայ, և դա շատ նորմալ է ընկալվում, բայց Թուրքիայում մարդը վախենում է, ամաչում է ասելուց` ես ծագումով հայ եմ: Բարեբախտաբար, ազատագրական շարժման մեջ գտնվող քրդերը բացահայտում են իրենց ծագումը, ինչը շատ կարևոր է մեզ համար: Թուրքիայի իշխանությունների համար դա նշանակում է 1915-ի հետ առերեսում»: Զարաքոլուն նշեց նաև, թե իրենց հրատարակած գրքերը պետք է նպաստեն, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ քննարկման առարկա դառնան ցեղասպանության իրողությունը, ճանաչումն ու դատապարտումը: «Սա է մեր ակնկալիքը, հնարավորինս շատ մարդկանց հասանելի դարձնել իրողությունը»,- ընդգծեց նա:
Դավութօղլուի Հայաստան այցի առիթով էլ ասաց, որ Սևծովյան համագործակցության այդ կազմակերպությունը Հայաստանի և Թուրքիայի միջև նվազագույն կապն ապահովող միակ կառույցն է:
«Լավ է, Դավութօղլուն որ գալիս է, դրական եմ վերաբերվում: Վերժինե Սվազլյանի գիրքը նոր է տպագրվել, ժամանակ չեղավ հասցնելու Թուրքիայի արտգործնախարարին: Շատ կուզեի՝ գիրքը կարդար, նոր գար Հայաստան»,- նկատեց թուրք հրատարակիչը: Նրա համոզմամբ` Թուրքիայի և Հայաստանի միջև որևէ պետական փոխհարաբերություն չի կարող լինել, եթե անտեսվի 1915-ի իրողությունը: «Եթե Թուրքիան չակերտյալ մեծ պետություն դառնալու հավակնություն ունի, 2015-ին պետք է շատ կարևոր քայլ անի` Հայոց ցեղասպանության հետ առերեսվելու հարցում: Հույս ունեմ, որ այդ առիթը չի կորցնի»,- ասաց Զարաքոլուն:
«Իրատես de facto»-ի հաջորդ հարցը վերաբերում էր հրատարակվող գրքերին: Հետաքրքրվեցի` Ցեղասպանության թեմայով փաստավավերագրակա՞ն, թե՞ գեղարվեստական գրքերն են ավելի ներգործող:
«Բելգե» հրատարակչությունն ունի չորս բաժին, և Զարաքոլուն ասաց, որ իրեն ամենից շատ հարազատ է հայ և հույն գրականության թարգմանությունների բաժինը: «Դժբախտաբար, թուրք-հունական հարաբերություններն ավելի բարվոք են, քան հայ-թուրքականը: Նաև թարգմանչական լուրջ խնդրի առաջ ենք կանգնել և ավելի շատ հունարենին վերաբերող գեղարվեստական գրականություն ենք տպագրել, քան հայերեն»,- ասաց նա:
«Բելգեի» հրատարակած առաջին հայկական գեղարվեստական գիրքը Մկրտիչ Արմենի «Հեղնար աղբյուրն» է, որ թարգմանվել է ֆրանսերենից: Թուրք հրատարակիչը նկատեց, որ չկան թարգմանիչներ, հայ մտավորականությանը գլխատեցին 15 թվականին, իսկ երրորդ սերնդի մտավորականության աճը նոր-նոր է սկսվում:
«Հույս ունեմ, որ հայ գեղարվեստական գրականություն թարգմանելու բախտավոր առիթ կունենանք: Իմ հրատարակած գրքերից ամենահարազատը գեղարվեստական գրական արժեք ներկայացնող գրքերն են»,- հավելեց նա:
Հարկ է նշել, որ 1993-ին «Հայկական տաբու»-ի հրատարակման համար Զարաքոլուի կինը` Այշենուր Զարաքոլուն, երկու տարի բանտ է նստել:
Բանտարկությունից ժամանակ առ ժամանակ չեն խուսափում նաև հրատարակիչը և նրա որդին:
Հարց հնչեց` չի՞ վախենում արդյոք թուրք մտավորականն իր կյանքի համար: Զարաքոլուն ասաց, որ չի վախենում, իր գործունեությունը բնորոշեց որպես առաքելություն, ասաց, որ ինքն ու իր կինը կամովին են հանձն առել այն, մնացածը ածանցյալ է, և անիմաստ է դրա մասին խոսելը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3259

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ